Նորություններ / ՀԱՄ ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ նախագահի հետ

ՀԱՄ ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ նախագահի հետ

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ նախագահի, Հայաստանի ապահովագրողների միության և ՀՀ ԿԲ փոխնախագահի միջև։

Հանդիպման ընթացքում ապահովագրական ընկերությունների ղեկավարները ներկայացրել են Առողջության համընդհանուր ապահովագրության պետական համակարգի ներդրման հետևանքով ապահովագրական շուկայում առաջացող ռիսկերը և այն մարտահրավերները, որոնց բախվելու են ապահովագրական ընկերությունները համակարգի ներդրումից հետո։

Ապահովագրական ընկերությունները նշել են, որ առողջության ապահովագրությունը ապահովագրական համակարգի ընդհանուր պորտֆելում երկրորդ ամենամեծ պրոդուկտն է (28%)։ Ներկայումս վարձու աշխատողների 37%-ն օգտվում է մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող կամավոր առողջության ապահովագրության որևէ փաթեթից։ Ընկերությունների ղեկավարներն ընդգծել են նաև, որ ապահովագրության հենց այս տեսակի եկամտաբերության հաշվին են ապահովագրական ընկերությունները կարողանում ծածկել ԱՊՊԱ համակարգից կրած վնասները։ Պետական համակարգի ներդրման հետևանքով ապահովագրական ընկերությունները կունենան պորտֆելի էական կրճատում, ինչը լուրջ խնդիր կհանդիսանա ապահովագրական ողջ համակարգի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համակարգի ներդրման բացասական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները և դրանց իրականացման հնարավորությունները։ Առողջապահության նախարարության առաջարկած մոդելով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հետևանքով ապահովագրական համակարգին հասցվելիք բացասական հետևանքների մեղմման կարճաժամկետ միջոցառումների թվում քննարկվել է 2026թ․ ընթացքում մասնավոր ապահովագրական ընկերություններին հնարավորության ընձեռումը՝ շարունակել իրականացնել գործող պայմանագրերի սպասարկումը։

Ի թիվս ապահովագրական համակարգի դիմակայունության բարձրացման ուղղություն և Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման բացասական հետևանքների մեղմման այլ միջոցառումների՝ քննարկվել են որոշ պարտադիր ապահովագրատեսակների ներդրման անհրաժեշտությունն ու հնարավոությունները։ Մասնավորապես՝ քննարկվել է միջազգային փորձում լայնորեն տարածված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության տեսակների ներդրման անհրաժեշտությունը։ Կարևորվել է հատկապես բժիշկների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով առողջապահության ոլորտում իրականացվող էական բարեփոխումները։ Ի թիվս պարտադիր ապահովագրության տեսակների՝ քննարկվել է նաև երկրաշարժի ռիսկից պարտադիր ապահովագրության կարևորությունը և դրա ներդրման հնարավորությունները։

Հանդիպման մասնակիցները կարևորել են մասնավոր հատվածի ներգրավվածության կարևորությունը ոլորտային բարեփոխումների իրականացման գործընթացներում և ընդգծել ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը՝ աջակցելու պետությանը նախաձեռնվող բարեփոխումների գործընթացում։

Վերջին նորությունները